Wednesday, 10 July 2013

Թալեյրանը Դիվանագետի մասին

Շարլ Մորիս Թալեյրանի անունը լսելիս շատերի առաջ է միանգամից հառնում անսկզբունքային դիվանագիտություն կոչվածը: Սակայն դա միայն առաջին տպավորությունն է: Իհարկե չժխտելով 18-19-րդ դարերի այս տաղանդավոր ֆրանսիացի դիվանագետի ու քաղաքական գործչի անսկզբունքայնությունը` միաժամանկ չենք կարող ժխտել նաև, որ հենց այդ հատկությունը ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին օգտագործելու շնորհիվ նա կարողացավ հասնել իր բարձունքին: Եվ բացի այդ, միայն այդ հատկությամբ չէ, որ նա օժտված էր: Նրան հատուկ էր զգուշությունը, հանգամանքներին հարմարվելու կարողությունը, քաղաքական ներըմբռնումը և այն բոլոր հատկանիշները, որոնք հենց ինքը` Թալեյրանը, առանձնացնում է իսկական դիվանագետի համար.
  • <<խոշոր գիշատիչների>> դեմ պայքարում փոքր երկրների վրա հենվելու հմտություն, դաշնակիցների ճիշտ ընտրություն,
  • հանուն հիմնական նպատակներին հասնելու մասնավոր զիջումների գնալու պատրաստակամություն,
  • հուզավառության և զգացմունքների կատարյալ բացակայություն,
  • սառնասրտություն և զսպվածություն,
  • զրուցակցին լսելու և զրույց վարելու կարողություն,
  • նրբաճաշակություն հագուստի հարցում,
  • անհաջողությունների և պարտությունների դեպքում հանգստություն պահպանելու ընդունակություն,
  • իր շահագրգռվածության աստիճանը իր անշտապողականությամբ թաքցնելու կարողություն:
  • տիկնիկ, որ ամեն ընկնելուց հետո միշտ ոտքի է կանգնում,
Երկար տարիներ վարելով Ֆրանսիայի արտաքին հարաբերությունները` Թալեյրանը դրսևորել է իր դիվանագիտական հանճարը` առանձնացնելով նաև արտաքին գործերի նախարարին բնորոշ հատկանիշները: Նա գտնում էր, որ արտաքին գործերի նախարարը պետք է օժտված լինի յուրատեսակ բնազդով, որը, նրան արագ նախազգուշացնելով, մինչև ցանկացած վիճաբանության սկսվելը, խանգարեր որևէ դեպքում վարկաբեկելու իրեն: Նա պետք է ունենա անկեղծ երևակայելու ընդունակություն` մնալով անթափանցելի, լինի զուսպ, բայց ոչ բռնազբոսիկ, հմուտ նույնիսկ իր զվարճության ընտրության մեջ: Անհրաժեշտ է, որ նրա զրույցը լինի պարզ, բազմազան, անսպասելի, միշտ բնական և երբեմն միամիտ: Մի խոսքով 24 ժամվա ընթացքում նա ոչ մի ակնթարթ չպետք է դադարի իրեն զգալ արտաքին գործերի նախարար:

No comments:

Post a Comment