ԽՍՀՄ փլուզումը և դրա տարածքում նորանկախ պետություննեի առաջացումը մի նոր գերխնդիր առաջ քաշեց, այն է` ստեղծել այդ պետությունների անվտանգությունը ապահովող մի համակարգ, որը համահունչ կլինի նոր իրականությանը: Այսպես 1992թ. մայիսի 15-ին Տաշքենտում Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչները ստորագրեցին Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը, որն էլ ՀԱՊԿ-ի ստեղծման իրավական հիմքը դարձավ: 1993թ. պայմանագրին միացան Ադրբեջանը, Վրաստանը և Բելառուսը, բայց արդեն 1999թ. դադարեցրին պայմանագրին իրենց անդամակցությունը: Պայմանագիրը ուժի մեջ մտավ 1994թ. ապրիլի 20-ին` վավերագրերի հանձնումից անմիջապես հետո:
21-րդ դարի սկզբին հետխորհրդային տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և ուժերի նոր հարաբերակցությունը հանգեցրեց 2002թ-ի Քիշնևի համաձայնագրով Հավաքական անվտանգության պայմանագրի վերածմանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության: ՀԱՊԿ Կանոնադրությունը և ՀԱՊԿ իրավական դրույթների վերաբերյալ Համաձայնագիրը ուժի մեջ մտան 2003թ. սեպտեմբերի 18-ին:
ՀԱՊԿ-ը ունի թե իր առավելությունները, թե թերությունները: Անդրադառնանք դրանց առանձին առանձին, նախ կազմակերպության, ապա ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունների մակարդակով:
Առավելությունները.
- ՀԱՊԿ-ը Եվրասիայում ունի հստակ ռազմաքաղաքական ուղղվածություն:
- Անդամ երկրների պետականության ձևավորման առաջին փուլում ՀԱՊ-ը դարձավ մասնակից պետությունների արտաքին անվտանգության երաշխավորը և քննադատության չենթարկվեց նույնիսկ մասնակից երկրների ընդդիմադիր ուժերի կողմից:
- խորհրդային պաշտպանողական համակարգի աստիճանական ապակառուցման անխուսափելի անցումային փուլ:
Թերությունները.
- Չկա Եվրասիական անվտանգության և պաշտպանության միասնական տարածություն, այս տարածությունը մասնատված է, անկայուն, հագեցած միջազգային հակամարտություններով և պոտենցիալ հակամարտություններով:
- ՀԱՊԿ անդամ-պետությունները տարբեր կերպ են ընկալում վերջինիս նպատակներն ու խնդիրները, չկա ռազմաքաղաքական ինտեգրման համապատասխան մակարդակ:
- Ռազմա-տեխնիկական արդիականացման և մյուս խնդիրները ամբողջովին կախված են առանցքային մասնակցի` Ռուսաստանի քաղաքական կամքից, տնտեսական և տեխնիկական հնարավորություններից:
- Բարդեցված թղթաբանական ընթացակարգը խոչընդոտներ է առաջացնում ռազմական համագործակցության համար:
- Պետություններ ղեկվարների մակարդակով ընդունված շատ համաձայնագրեր չեն կիրառվում գործադիր մակարդակում:
- Տարածաշրջանային ենթահամակարգերի վրա շեշտադրումը երկկողմանի հարաբերությունների վերադարձին` Ռուսաստան և Բելոռուսիա, Ռուսաստան և Հայաստան, Ռոիսաստան և Ղազախստան և այլն:
- Անդամ-պետությունների շահերի և առաջնությունների միջև կան ակնհայտ հակասություններ:
- Ֆինանսական հնարավորությունները. ՀԱՊ անդամ-պետություններից ոչ մեկը չէր կարող բավականաչափ գումար հատկացնել Հավաքական անվտանգության պայմանագրի համակարգը ամրապնդելու համար:
Պայմանագիրը պարունակում է պաշտպանողական դասական միությանը բնորոշ գծեր: Մասնակից պետությունները հրաժարվում են միմյանց նկատմամբ ուժային կամ անվտանգությանը սպառնացող այլ միջոցների կիրառումից, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն հնարավորություն են ստանում ցանկացած ձևի աջակցություն, այդ թվում նաև ռազմական, ցուցաբերել երրորդ պետության կամ պետությունների խմբի հարձակմանը ենթարկված անդամին (հոդ. 4): Ի հավելումն նշված դրույթներին, ըստ Պայմանագրի մասնակից պետությունները պարտավորվում են ձեռնպահ մնալու ՀԱՊ այլ մասնակիցների դեմ ուղղված ցանկացած ռազմական միությունների կամ խմբավորումների մեջ ընդգրկվելուց:
Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 2-րդ հոդվածի համաձայն, պայմանագրի մեկ կամ մի քանի անդամ պետությունների անվտանգության,տարածքային ամբողջականության, սուվերենության կամ միջազգային խաղաղության և անվտանգության համար վտանգի առաջացման դեպքում անդամ-պետությունները անհապաղ պետք է գործի դնեն միասնական խորհրդակցության մեխանիզմը՝ իրենց գործողությունները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացմանը նպատակաուղղված միջոցներ կիրառելու համար:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությանը, ապա ՀԱՊԿ-ը պաշտոնապես ՀՀ անվտանգության ապահովման համակարգի հիմնական բաղադրիչներից մեկն է: ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությա նամրապնդումը եղել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը:
Այդ կապակցությամբ, ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանը մշտապես ջանքեր է գործադրում` առաջին հերթին, Հայաստանի հանդեպ հնարավոր ագրեսիայի սպառնալիքի կամ ագրեսիայի ակտի դեպքում Պայմանագրի 4-րդ հոդվածից բխող անդամ պետությունների պարտավորությունների, այն է` հավաքական պաշտպանության սկզբունքի, իրագործումն ապահովելու նպատակով, ինչպես նաև ՀՀ համար կենսական նշանակություն ունեցող միջազգային կազմակերպությունների օրակարգային հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների օժանդակությունը ստանալու նապատալով:
ՕԱՀՈՒ` Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը, որոնց նպատակահարմարությունը կասկածի տակ չի դնում և ոչ մի անդամ-պետություն, ստեղծվել են հենց հայկական կողմի առաջարկությամբ:
Առավելությունները.
- Դրական է անդրադարձել երկրի մարտունակության վրա:
- ՀԱՊԿ անդամակցության և Ռուսաստանի հետ համագործակցության շնորհիվ Հայաստանը կարողացավ իր բանակի մակարդակը ժամանակակից տեխնիկայի հագեցվածության առումով հասցնել միջազգային բարձրագույն չափանիշների:
- Ռազմական փորձագետների գնահատականներով՝ Հայաստանը ստեղծել է համեմատաբար ապահով Հակաօդային պաշտպանության համակարգ տարածաշրջանում: ՀՀ-ը մտնում է ՀԱՊԿ-ի համատեղ հակաօդային պաշտպանության համակարգի մեջ և տնօրինում է ամենակատարելագործված ՀՕՊ-ի միջոցները:
- Ֆորմալ կերպով ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանը հնարավորություն է ստանում արտոնյալ զենք ու զինամթերք ստանալու:
- Օգտագործվում է որպես հարթակ Հայաստանի ձայնը լսելի դարձնելու համար, ապահովում է ՀՀ ներկայացվածությունը:
Ի տարբերություն մյուս անդամ-պետությունների, Հայաստանի համար առավել մեծ է հնարավորությունը ընդգրկվելու ռազմական հակամարտության մեջ` չլուծված ղարաբաղյան հիմնահարցի պատճառով: Դրա հետ կապված` կարևոր է այս հարցի վերաբերյալ ՀԱՊԿ դիրքորոշումը:
Ըստ ՀԱՊԿ պաշտոնական դիրքորոշման ՀԱՊԿ չի միջամտում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, այլ միայն հետևում է զարգացումներին, քանի որ կան այդ գործով զբաղվող այլ միջազգային կազմակերպություններ, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խումբը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժան այն հարցին, թե Հայաստանի մասնակցությամբ ղարաբաղյան հակամարտության ճգնաժամային զարգացման դեպքում ինչպիսիք կլինեն ՀԱՊԿ գործողությունները, պատասխանել է, որ Հայաստանը, որպես ՀԱՊԿ լիիրավ անդամ ճգնաժամային իրավիճակի առաջացման դեպքում կստանա անհրաժեշտ ողջ օգնությունը և կսատարվի ՀԱՊԿ անդամ-պետությունների կողմից: Իսկ թե ինչ տեսքով կլինի այդ օգնությունը կախված է ճգնաժամային իրավիճակի զարգացումից:
Սակայն այսօր, առավելքաներբևէ, տեսանելիէ, որ ՀԱՊԿ-ը, որպես ՀՀ ռազմաքաղաքական անվտանգության իրական երաշխավոր, գուրծունակ կառույց չէ: Այստեղ էլ ի հայտ են գալիս այն թերությունները, որոնք առկա են ՀՀ-ՀԱՊԿ հարաբերություններում: Այդ թերությունները մեծապես ածանցվում են նաև ՀԱՊԿ ընդհանուր թերություններից:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ևս Սոչիում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի ընթացքում իր մտահոգությունն է հայտնել այդ ուղղությամբ` նշելով, որ Հայաստանը ճիշտ չի համարում, երբ ՀԱՊԿ–ի առանձին անդամ–պետություններ ղարաբաղյան հակամարտության հարցում հայտարարություններ են անում, որոնք ներդաշնակ չեն Կազմակերպության որոշումների հետ: ՀՀ Նախագահը մասնավորապես նկատի ուներ ՀԱՊԿ անդամ երկրների և Ադրբեջանի միջև ստորագրված այն փաստաթղթերը, որտեղ ի վնաս մյուս սկզբունքների, առանձնացվում է տարածքային ամբողջականության սկզբունքը։
ՀԱՊԿ և առանձին անդամ երկրների պետական ու ոչ պետական մակարդակով արված հայտարարություններից, արտահայտված կարծիքներից, ինչպես նաև գործողությունների վերլուծությունից կարող ենք հանգել այն եզրակացության, որ հայ-ադրբեջանական պատերազմի դեպքում ՀԱՊԿ անդամ հինգ երկրներից առնվազն չորսը` Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Բելառուսը, չեն շտապի իրականացնել ՀԱՊԿ Կանոնադրության 4-րդ կետը:
ՀԱՊԿ անդամ Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության անդամ երկրներ են, իսկ այդ կազմակերպությունը ԼՂ հարցում ունի ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշում։ Բացի այդ, Ղազախստանն ու Ղրղըզստանը, Ադրբեջանի և Թուրքիայի հետ միասին, նաև Թյուրքալեզու պետությունների միության անդամ են, իսկ այս երկրների իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։
ՀԱՊԿ Կանոնադրության մեկ այլ կետի համաձայն՝ ՀԱՊԿ անդամ պետությունները պարտավորություն են ստանձնում չանել քայլեր, որոնք ուղղված են անդամ երկրների անվտանգության թուլացմանը: Մինչդեռ Ռուսաստանն ու Բելառուսը Ադրբեջանին պարբերաբար զենք են վաճառում` ի հակադրություն պաշտոնական մակարդակով արված հայտարարությունների:
Այս ամենին գումարվում են նաև բոլորովին վերջերս տեղի ունեցած իրադարձությունները: Մասնավորապես 2014 թ-ի մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որին ներկա էր նաև ԵՏՄ պաշտոնական թեկնածու ՀՀ-ը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրապարակեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակը, թե Հայաստանը Եվրասիական միությանը պետք է միանա ՄԱԿ-ի կողմից գրանցված սահմանների շրջանակներում, ինչպես միացել է Արժույթի համաշխարհային կազմակերպությանը, այսինքն՝առանցԼՂՀ-ի: Իսկ 2014 թ-ի հոկտեմբերի 16-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում նախագահներ Էմոմալի Ռահմոնան և Իլհամ Ալիևը ստորագրեցին համատեղ դեկլարացիա, որտեղ կողմերը նշել են, որ անհրաժեշտ է շտապ կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հիմք ընդունելով Ադրբեջանի Հանրապետության սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախատելիությունը` համապատասխան համընդհանուր ընդունված միջազգային իրավունքի նորմերի և ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի և ԵԱՀԿ-ի որոշումների»:
ՀԱՊԿ անգործության մեկ այլ վկայություն է հետևյալը: Հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի այցը կապվածէր օգոստոսին հայ-ադրբեջանական սահմանին և հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի կտրուկ սրման հետ: Նիկոլայ Բորդյուժայի խոսքերով, ՀԱՊԿ խորհրդի առաջիկա նիստում անհրաժեշտ է զեկուցել և քննարկել բոլոր այն խնդիրները, որոնք կարող են լրջորեն ազդել Կազմակերպության անդամ պետությունների անվտանգության վրա: Հարց է առաջանում, թե ինչու է ՀԱՊԿ-ը ամիսներ անց արձագանքում իր անդամ երկրներից մեկի նկատմամբ ռազմական ոտնձգության փաստին: Չէ որ, եթե ագրեսիայից պաշտպանության համար ՀԱՊԿ-ի օգնության հարցը պետք է որոշվի ագրեսիայի ենթարկված պետության դիմումի համապատասխան խորհրդակցության ժամանակ, ապա պաշտոնական քաղաքական արձագանքը նման ընթացակարգ չի պահանջում:
Ուշադրության է արժանի ռուսաստանցի վերլուծաբան, ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերի խոսքերը, ըստ որի և՛Հայաստանի, և՛Ղարաբաղի նկատմամբ լուրջ ռազմական սպառնալիքի դեպքում, հայաստանյան կողմի դիմումի համաձայն, պետք է որ սկսվեն խորհրդակցություններ ՀԱՊԿ-ում: Անդրադառնալով նաև Ռուսաստանին նա նշում է.«ուղիղ պարտավորություններ Ռուսաստանը չունի, բայց եթե այնտեղ սկսվեն լուրջ բախումներ, Մոսկվայում կսկսեն մտածել, կջանան այնպիսի աջակցություն ցուցաբերել, որպեսզի ճգնաժամ չառաջանա: Ավտոմատ կերպով Ռուսաստանի ներգրավում հայ-ադրբեջանական հակամարտության կամ փոխադարձ կրակահերթերի դեպքում դժվար է պատկերացնել, թեև վերջնական որոշումները կայացվելու են Կրեմլում: Բայց մինչ այդ, քանի որ մենք չենք ցանկանում Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացում, եղավ հստակ որոշում այն մասին, որ Հայաստանը մտնում է Մաքսային միություն առանց ԼՂ-ի, ինչպես ՀԱՊԿ՝ առանց ԼՂ-ի»: Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ ռազմական փորձագետի խոսքերը հակասում են միմյանց, դրան գումարվում է նաև նրա «անտեղյակությունը», որ 2010թ. Դ. Մեդվեդևի և Ս. Սարգսյանի կողմից փոփոխություններ մտցվեցին 1995թ. մարտի 16-ի «ՀՀ և ՌԴ միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրում, ըստ որի՝ Ռուսաստանը ոչ միայն հնարավորություն ստացավ սեփական ռազմաբազաների ներկայությունը Հայաստանում երկարաձգել մինչև 2044 թիվը, այլև ստանձնեց ՀՀ զինված ուժերի հետ համատեղ ՀՀ ռազմական անվտանգությունն ապահովելու պարտավորություն:
«Ամենօրյա հանդես» պարբերականի հոդվածագիր, ռուսաստանցի մեկ այլ ռազմական փորձագետ Ալեքսանդր Գոլցինը, իր հերթին նշում է, որ ռուսական դիվանագիտության ողջ նպատակն է թույլ չտալ ագրեսիա, ռազմական գործողություններ, քանի որ եթե դա տեղի ունենա, ապա ֆորմալ կերպով Ռուսաստանը, ինչպեսև ՀԱՊԿ այլ անդամները, պետք է գործեն ի պաշտպանություն Հայաստանի, ինչը նշանակում է գործել Ադրբեջանի դեմ:Բայց քանի որ դժվար է պատկերացնել, որ ՀԱՊԿ-ը կգործի Ադրբեջանի դեմ, ուստի Ռուսաստանի գլխավոր խնդիրը Ադրբեջանին ռազմական գործողություններից հետ պահելն է:
Հարց է առաջանում, թե ինչու են ՀԱՊԿ-ում հավաքվել պետությունների մի խումբ, որը չի կարող պաշտպանել իր անդամին և գործել ագրեսոր պետության դեմ:
Ամփոփելով կարող ենք նշել, որ Հարավային Կովկասը շատ կարևոր տեղ է զբաղեցնում ՀԱԿՊ պատասխանատվության շրջանների հարցում, և Հայաստանը, լինելով Կազմակերպության ամենաակտիվ անդամներից մեկը, տարածաշրջանում հանդես է գալիս որպես նրա հիմնական գործընկերն ու հենարանը: Հայաստանի Հանրապետությունն քաղաքականությունը միշտ ուղված է եղել և ներկայումս էլ ուղղված է Հարավային Կովկասում վերջիններիս դիրքերի հնարավորինս ամրապնդմանը: Սա մի խաղաքարտ է ՀՀ ձեռքում, որը նա կարող է արդյունավետորեն օգտագործել ՀԱՊԿ անդամ ոչ բարյացակամ պետությունների հակահայկական գործողություններին ու հայտարարություններին հակակշռելու համար: Մենք տեսանք, որ ՀԱՊԿ-ը միջամտությունը գրեթե, եթե ոչ լիովին, անհավանական է հայ-ադրբեջանական հակամարտության պայմաններում, կամ էլ կարող է լինել զուտ ձևական: Նման պայմաններում հարց է առաջանում, ինչքանով է նպատակահարմար շարունակել անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Ըստ իս, ՀԱՊԿ-ին անդամակցությունը ունի առավելություններ, որոնք նշվեցին վերևում: Այդ առավելությունները օգտակար են Հայաստանի համար: Մինչդեռ առկա թերությունները վնաս չեն պատճառում ՀՀ-ին: Պարզապես պետք է գիտակցել, որ ՀԱՊԿ-ը չի կարող լինել ՀՀ անվտանգության երաշխավոր: ՀՀ անվտանգության երաշխավորը ՀՀ Զինված ՈՒժերն են, որոնց կարելի է լրացնել երեք այլընտրանքային տարբերակներով.- ՀՀ-ՌԴ հարաբերությունները` առկա ռազմաքաղաքական իրավապայմանագրային հիմքի վրա:
- Խթանել ՀԱՊԿ-ում պետությունների ինտեգրման մակարդակի բարձրացմանը, ՆԱՏՕ-ի օրինակով հասնել ինտեգրման այնքան բարձր մակարդակ, որ պետությունների հակասող շահերը չեզոքանան անվտանգության ընդհանուր միջավայրում:
- Մշակել հավաքական անվտանգության երաշխավորման նոր մոդել, որը աշխարհագրական առումով ավելի հուսալի կլինի և չի ընդգրկի հակասող շահերով պետություններ:



