- Ժողովրդավարության` դեմոկրատիայի մասին խոսել են դեռևս հին մտածողները: Օրինակ` Արիստոտելը գտնում էր, որ ժողովրդավարությունը հանգեցնում է ամբոխավարության և անիշխանության: Կան կարծիքներ նաև, որ ժողովրդավարությունը մեծամասնության բռնապետությունն է փոքրամասնության նկատմամբ: Շատերը նույնիսկ գտնում են, որ ժողովրդավարոթյունը ապազգային կառավարման ձև է և հանգեցնում է էթնիկական առումով ազգայինի անկմանը:
Սակայն մի պահ տեսնենք, թե ինչ ասել է ժողովրդավարություն: Արդյոք դա պետք է հասկանալ բառի ուղղակի իմաստով` այսինք, ժողովուրդն է իրականացնում իշխանությունը կամ ժողովուրդն է <<վարում>> այն:
Դրա համար պետք է պատասխանել մի քանի հարցերի.
-ո՞վ է իշխանության գալիս - նա, ով հավաքում է ընտրողների ձայների մեծամասնությունը
-ի՞նչպես է հավաքում այդ ձայների մեծամասնությունը – առաջարկելով իր ծրագրերը, խոստումներ տալով, որոնք բոլորը չէ, որ կատարելու է: Սակայն կարևորը այն չէ, թե ինչքանով թեկնածուն կկատարի իր խոստումները: Կարևորն այն է, թե ինչքանով նա կարող է ժողովրդին թեքել իր կողմը և շահել նրա ձայները: Այստեղ փատորեն ընթանում է հասարակ մրցակցություն: Ով հաղթում է մրցակցությունում, նա է ուժեղագույնը, նա է արժանի երկիրը կառավարել, հենց նա կարող է հետագայում հենց այն նույն ժողովրդին, որին կարողացել է մի անգամ արդեն իր կողմը գրավել, մյուս անգամ էլ, հարկ եղած դեպքում իր կողմը թեքել:
-ի՞նչու է ուզում գալ կամ ինչու է գալիս իշխանության- Եթե դիտարկենք ժողովրդավարությունը որպես տեսություն, ապա այն մյուս քաղաքագիտական տեսությունների նման ևս պետք է գործիք լինի իշխանության եկածի համար գործելու հանուն պետության, հանուն պետական շահի:
Ժողովրդավարության մասին պատկերացումների խեղաթյուրումները հենց գալիս են նրանից, որ իշխանության եկած ուժը ոչ թե իշխանության է գալիս ընտրողների ձայների մեծամասնությամբ, այլ կեղծումների հաշվին: Սրա հետևանքով առաջանում է գործնական լեգիտիմության խնդիրը: Այսինքն իշխանությունը, որը ի սկզբանե չի կարողացել մեծամասնությանը թեքել իր կողմը, իր կառավարման ընթացքում էլ դա չի կարող անել: Եվ երկրորդ խեղաթյուրված ընկալումը առաջանում է այն ժամանակ, երբ իշխանության եկած ուժը գործում է ոչ թե հանուն պետական շահերի, այլ հանուն իր նեղ իշխանական շահերի: Սա, ըստ իս, ամենամեծ աղետն է յուրաքանչյուր պետության համար:
Անդրադառնամ նաև ժողովրդավարական երկրի և <<միջազգային հանրություն>> ասվածի միջև հարաբերակցության խնդրին: Լինել ժողովրդավարական երկիր ամենևին չի նշանակում պարտադիր հաշվի առնել միջազգային հանրության տեսակետը: Ի վերջո միջազգային հանրության տեսակետը ձևավորվում է ուժեղի և հաղթողի թելադրանքի և ազդեցության տակ: Յուրաքանչյուր պետություն հաշվի է առնում միջազգային հանրության տեսակետը այնքանով, որքանով այն չի վնասի իր պետական, ազգային շահերին: Այս դեպքում նույնիսկ, սա ոչ այնքան հաշվի առնում է, որքան շահարկում, որը հեղինակությունը բարձրացնելու նպատակ ունի: Իսկ այն պետությունները, ովքեր դողում են միջազգային հանրության տեսակետի վրա, ի վերջո դատապարտված են դրա զոհը դառնալուն:
No comments:
Post a Comment