Showing posts with label Ռուսաստան. Show all posts
Showing posts with label Ռուսաստան. Show all posts

Sunday, 28 July 2013

ՌԴ vs ԱՄՆ. խաղ զրոյական գումարով, թե՞ համագործակցություն

Թե Ռուսաստանը և թե ԱՄՆ-ը արդեն 90-ականներից և հատկապես նոր դարաշեմից ավելի մեծ եռանդով ու թափով էին խոսում փոխադարձ համագործակցության ուժեղացման և ամրապնդման մասին: Իհարկե չենք կարող ժխտել, որ որոշ ոլորտներում այս երկու պետությունների միջև էական համագործակցություն է տիրում, սակայն  ռազմաքաղաքական ոլորտը շարունակում է սուր հակասությունների պատճառ դառնալ: <<Հարաբերությունների վերալիցքավորումը>>, որը նպատակ ուներ մեղմել հակահրթիռային պաշտպանության ոլորտում առկա սուր հակասությունները, այդպես էլ չարդարացրեց իրեն:

Ի՞նչ ենք մենք տեսնում այսօր երկու երկրների միջև հարաբերություններում:

Ռազմաքաղաքական հակասությունները իրենց սուր արտահայտությունն են գտնում սիրիական խնդրում: Ռուսաստանը շարունակում է աջակցել իշխանություններին, իսկ ԱՄՆ-ը` ընդդիմությանը: Իսկ ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության գործակալը հայտնվում է ռուսական օդանավակայանում չգիտես էլ ինչ նպատակներով: Եվ դա այն դեպքում, երբ նրա կատարած հրապարակումները ոչնչով չազդեցին Սենատի որոշման վրա, և Սենատը օրինականացրեց ԿՀՎ-ի տեղեկատվություն ստանալու նախկին բոլոր միջոցները:

Նման պայմաններում հարց է առաջանում. արդյո՞ք վերջնականապես ավարտվել է սառը պատերազմը, արդյո՞ք երկու երկրները համագործակցում են, թե կրկին ձգտում են զրոյական գումարով խաղի:

Հարցին միանշանակ հնարավոր չէ պատասխանել: Սակայն մի բան պարզ է. աշխարհում, լինի այն երկբևեռ, թե բազմաբևեռ, հակասություններ միշտ էլ լինելու են, հատկապես աշխարհագրական այնպիսի կարևոր դիրքում գտնվող պետությունների միջև, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Ռուսաստանը: Իսկ այդ հակասությունների ուժեղացումը և թուլացումը կախված է նրանից, թե ով կարող է ճարպկորեն օգտագործել  քաղաքական այս կամ այն իրադարձությունը մյուսի նկատմամբ ցուցադրական առավելության հասնելու համար:

Thursday, 27 June 2013

Ի՞նչ գործոններ ազդեցին ՀՀ արտաքին քաղաքականության ուղղությունների ձևավորման վրա


1991թ-ի սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության անկախության օրն է: Հայաստանի Հանրապետությունը հռչակեց իր անկախ պետականության վերականգնման փաստը` դուրս գալով ԽՍՀՄ կազմից և դառնալով անկախ պետություն: ԽՍՀՄ փլուզումից և անկախության հռչակումից հետո Հայաստանի աշխարհաքաղաքական նշանակությունն էապես փոխվեց: Արտաքին քաղաքական գործառույթից զուրկ ծայրամասից այն վերածվեց աշխարհաքաղաքական հատվող գոտիներում և շահերի շփման կետերում գտնվող մի երկրի, որը փորձում էր գտնել իր դերը տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում:
Նման պայմաններում էլ ձևավորվում է ՀՀ արտաքին քաղաքականությունը: ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների ձևավորման վրա իրենց ազդեցությունն ունեցան հետևյալ գործոնները.
§  Երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը,
§  Ղարաբաղյան պատերազմը և ընդհանրապես ղարաբաղյան հակամարտությունը,
§  ՀՀ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը,
§  Հետսառըպատերազմյան իրադրությունը:
Այժմ անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին:
ՀՀ-ը և ԼՂՀ դեռևս 1988թ-ից գտնվում էին շրջափակման մեջ Ադրբեջանի կողմից, որի արդյունքն էր տնտեսության ընդհանուր անկման 50 տոկոսը: Հայաստան եկող բեռները կողոպտվում և թալանվում էին հարևան պետություններում: Հասարակական-քաղաքական, տնտեսական և մյուս բոլոր ոլորտները կաթվածահար վիճակում էին գտնվում: Մյուս կարևոր գործոնը ՀՀ անվտանգության ապահովումն էր: ԽՍՀՄ անկումից հետո ՀՀ համար չկար մի անվտանգության համակարգ, որը հուսալիորեն կապահովեր նրա անվտանգությունը, մանավանդ ղարաբաղյան հիմնախնդրի առկայության պայմաններում: Ընթացող ղարաբաղյան պատերազմը լուրջ սպառնալիք էր ՀՀ անվտանգությանը նաև այն առումով, որ միշտ կար Թուրքիայի կողմից դրան միջամտելու վտանգը: Երկրի ներքին սոցիալ-տնտեսական ծանր վիճակով և անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ էր պայմանավորված, որ նորանկախ ՀՀ-ը որպես իր արտաքին քաղաքական դոկտրիններ ընտրեց «բոլոր հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալու» և «չկան մշտական բարեկամներ, կան մշտական շահեր» բանաձևերը: Սակայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը հենց սկզբից դժվարացրեց ՀՀ ընտրած արտաքին քաղաքական ուղեգծի իրականացումը: ԼՂ հիմնախնդրի լուծմանը աջակցելու փաստը օգտագործելով` տարածաշրջանում իրենց ազդեցությունն էին փորձում հաստատել Իրանը, ԵՄ-ը, ԱՄՆ-ը նաև Թուրքիայի միջոցով, իսկ Ռուսաստանը փորձում էր պահպանել տարածաշրջանում իր դիրքերը: Հենց այստեղ է, որ այս պետությունների և դրանց խմբերի շահերը բախվում էին իրար` միաժամանակ անարդյունավետ դարձնելով հիմնախնդրի լուծումը: ԽՍՀՄ-ի անկումը և Արևմուտքի ու արևմտյան արժեքների վարկանիշի հետսառըպատերազմյան աճը էական ազդեցություն ունեցան ինչպես հետխորհրդային պետությունների, այնպես էլ ՀՀ քաղաքական կողմնորոշման հարցում: Ռուսաստանից տարանջատվելու և եվրոպական, արևմտյան արժեքներ որդեգրելու քաղաքականության ֆոնի վրա ձևավորվեց ՀՀ արտաքին քաղաքականության ուղղություններից մեկը` նրա հարաբերությունները ԵՄ և ԱՄՆ-ի հետ:
Այսպիսով, հաշվի առնելով այս գործոնները, ձևավորվեցին ՀՀ արտաքին քաղաքականության հետևյալ հիմնական ուղղությունները` Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը, հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի հետ, ինչպես նաև սահմանակից երկրների` Թուրքիայի և Իրանի հետ, անդամակցումը միջազգային կազմակերպություններին: