Showing posts with label ՀՀ անկախություն. Show all posts
Showing posts with label ՀՀ անկախություն. Show all posts

Thursday, 27 June 2013

Ի՞նչ գործոններ ազդեցին ՀՀ արտաքին քաղաքականության ուղղությունների ձևավորման վրա


1991թ-ի սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության անկախության օրն է: Հայաստանի Հանրապետությունը հռչակեց իր անկախ պետականության վերականգնման փաստը` դուրս գալով ԽՍՀՄ կազմից և դառնալով անկախ պետություն: ԽՍՀՄ փլուզումից և անկախության հռչակումից հետո Հայաստանի աշխարհաքաղաքական նշանակությունն էապես փոխվեց: Արտաքին քաղաքական գործառույթից զուրկ ծայրամասից այն վերածվեց աշխարհաքաղաքական հատվող գոտիներում և շահերի շփման կետերում գտնվող մի երկրի, որը փորձում էր գտնել իր դերը տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում:
Նման պայմաններում էլ ձևավորվում է ՀՀ արտաքին քաղաքականությունը: ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների ձևավորման վրա իրենց ազդեցությունն ունեցան հետևյալ գործոնները.
§  Երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը,
§  Ղարաբաղյան պատերազմը և ընդհանրապես ղարաբաղյան հակամարտությունը,
§  ՀՀ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը,
§  Հետսառըպատերազմյան իրադրությունը:
Այժմ անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին:
ՀՀ-ը և ԼՂՀ դեռևս 1988թ-ից գտնվում էին շրջափակման մեջ Ադրբեջանի կողմից, որի արդյունքն էր տնտեսության ընդհանուր անկման 50 տոկոսը: Հայաստան եկող բեռները կողոպտվում և թալանվում էին հարևան պետություններում: Հասարակական-քաղաքական, տնտեսական և մյուս բոլոր ոլորտները կաթվածահար վիճակում էին գտնվում: Մյուս կարևոր գործոնը ՀՀ անվտանգության ապահովումն էր: ԽՍՀՄ անկումից հետո ՀՀ համար չկար մի անվտանգության համակարգ, որը հուսալիորեն կապահովեր նրա անվտանգությունը, մանավանդ ղարաբաղյան հիմնախնդրի առկայության պայմաններում: Ընթացող ղարաբաղյան պատերազմը լուրջ սպառնալիք էր ՀՀ անվտանգությանը նաև այն առումով, որ միշտ կար Թուրքիայի կողմից դրան միջամտելու վտանգը: Երկրի ներքին սոցիալ-տնտեսական ծանր վիճակով և անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ էր պայմանավորված, որ նորանկախ ՀՀ-ը որպես իր արտաքին քաղաքական դոկտրիններ ընտրեց «բոլոր հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալու» և «չկան մշտական բարեկամներ, կան մշտական շահեր» բանաձևերը: Սակայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը հենց սկզբից դժվարացրեց ՀՀ ընտրած արտաքին քաղաքական ուղեգծի իրականացումը: ԼՂ հիմնախնդրի լուծմանը աջակցելու փաստը օգտագործելով` տարածաշրջանում իրենց ազդեցությունն էին փորձում հաստատել Իրանը, ԵՄ-ը, ԱՄՆ-ը նաև Թուրքիայի միջոցով, իսկ Ռուսաստանը փորձում էր պահպանել տարածաշրջանում իր դիրքերը: Հենց այստեղ է, որ այս պետությունների և դրանց խմբերի շահերը բախվում էին իրար` միաժամանակ անարդյունավետ դարձնելով հիմնախնդրի լուծումը: ԽՍՀՄ-ի անկումը և Արևմուտքի ու արևմտյան արժեքների վարկանիշի հետսառըպատերազմյան աճը էական ազդեցություն ունեցան ինչպես հետխորհրդային պետությունների, այնպես էլ ՀՀ քաղաքական կողմնորոշման հարցում: Ռուսաստանից տարանջատվելու և եվրոպական, արևմտյան արժեքներ որդեգրելու քաղաքականության ֆոնի վրա ձևավորվեց ՀՀ արտաքին քաղաքականության ուղղություններից մեկը` նրա հարաբերությունները ԵՄ և ԱՄՆ-ի հետ:
Այսպիսով, հաշվի առնելով այս գործոնները, ձևավորվեցին ՀՀ արտաքին քաղաքականության հետևյալ հիմնական ուղղությունները` Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը, հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի հետ, ինչպես նաև սահմանակից երկրների` Թուրքիայի և Իրանի հետ, անդամակցումը միջազգային կազմակերպություններին: