Wednesday, 15 October 2014

“Propaganda or Information? Haw Can Mass Media Counter Terrorism?”

Abstract

Mass media has a function of propaganda and is useful for various purposes beginning from reporting simple information to using manipulations. Also, people are deeply sensitive in getting two kind of information- sexual and violence reporting. Thus, the articles and videos about terrorism provide deep observation and high rating, particularly when the media emphasizes not the actual information of terroristic act, but sensational titles, violence involving photos and videos. 
Through mass media in different regions of the world, we can see how sometimes mass media rises a frighten among common people, supports the propaganda of terrorism, helps terrorists to be self-confirmed and activated.
Media, especially those which have high authority, should avoid informing activities of new-organized terroristic groups. Terrorism should be represented as devastating activity, and terrorists as negative, neglected figures.

View Full Paper

Tuesday, 8 April 2014

Ինչքանո՞վ է Մաքսային միությանը անդամակցելը շահավետ ՀՀ համար

Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է մտնել Եվրասիական տնտեսական միության /Եվրազէս/ Մաքսային Միություն, որի մեջ ներկայումս մտնում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը: Մաքսային միությունը տարածաշրջանային ինտեգրման երրորդ մակարդակն է: Այն  նախատեսում է տեղական արտադրության ապրանքների և ծառայությունների մեծ մասի, եթե ոչ բոլորի շրջանառության համար մաքսահարկերի ու քանակական սահմանափակումների վերացում, Մաքսային միությանը չմասնակցող երրորդ երկրների նկատմամբ համաձայնեցված մաքսային քաղաքականության կիրառում: Հնարավոր է նաև ներմուծման քվոտաների պահպանում: Սա նշանակում է, որ ինտեգրացիայի այս մակարդակին անցնելով ՀՀ-ը իր արտաքին տնտեսական առանց այն էլ սահմանափակ քաղաքականությունը էլ ավելի է սահմանափակում` համաձայնեցնելով իր մաքսային քաղաքականությունը միայն 3 երկրների հետ: ՀՀ այս քայլը տեսականորեն ևս հիմնավորված չէ մի շարք պատճառներով: Ինտեգրացման համար պետք է հաշվի առնել մի շարք նախադրյալներ` մասնակից պետությունների թիվը, չափը, զարգացվածության մակարդակը, փոխկապվածության աստիճանը, քաղաքական համակարգերը, աշխարհայացքային ընկալումները, համագործակցության ոլորտները,  ինտեգրացիայի ազդեցության ձևը, դրա ժամկետները, ընդհանուր սահմանների առկայությունը: Ներկայացնենք այս նախադրյալների առկայությունը կամ բացակայությունը ՀՀ` Մաքսային Միությանն անդամակցելիս, և ըստ դրա` գործընթացի շահավետությունը ՀՀ համար:
Ինտեգրացման հաջող իրականացման համար դրա նախնական մասնակիցների թիվը պետք է քիչ լինի: Եթե այս տեսակետից Մաքսային Միությունը արդարացնում է իրեն, ապա մյուս` պետությունների չափի ասպեկտով այն լիովին բացասական է ՀՀ համար, քանի որ ՄՄ կազմում տարածքով ՀՀ-ից անհամեմատ մեծ պետություններ են ընդգրկված: Իսկ խոշոր և փոքր պետությունների ինտեգրումը վտանգավոր է, քանի որ խոշորները կլանում են փոքրերին, եթե միայն փոքր պետությունների քանակը չի հավասարակշռում մեծերին, որը տվյալ դեպքում բացակայում է: Պետությունների զարգացվածության մակարդակը գրեթե նույն աստիճանի վրա է գտնվում, սակայն նրանց փոխկապակցվածությունը խիստ հարաբերական է: Եթե Ռուսաստանի պարագայում դա լավ արտահայտված է, ապա Հայաստանի պարագայում փոխկապակցված հարաբերություններ կան միայն Ռուսաստանի հետ: Այս առումով ևս մի փաստ արձանագրենք: Ինչպես ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի դեպքում, այս դեպքում ևս հարաբերությունները դասավորված են Ռուսաստան+Xպետություն սկզբունքով, այլ ոչ թե Xպետություն+Yպետություն: Ուստի այս նախաձեռնությունը ևս կարող է ձախողման ճակատագրին արժանանալ: Ինտեգրացիայի պայմաններում տեղի է ունենում նաև քաղաքական համակարգերի նմանեցում, քանի որ տնտեսական զարգացումը պայմանավորված է նաև քաղաքական համակարգի ազդեցությամբ: Այս դեպքում արդեն վտանգի տակ է դրվում ՀՀ ժողովրդավարացման գործընթացը, քանի որ ՄՄ անդամ ոչ մի պետություն ժողովրդավարական չէ: Սա ՀՀ-ին կկանգնեցնի ներքին լուրջ խնդիրների առաջ, որոնք հատկապես առնչվում են կոռուպցիային, դատական համակարգի անկատարությանը, օրենքի գերակայության սկզբունքի խախտմանը: Տարածաշրջանային ինտեգրացիան նախատեսում է նաև մարդկային շփումների ակտիվացում տարբեր հասարակությունների միջև, ուստի այդ հասարակությունների աշխարհայացքային ընկալումները, արժեքները և նորմերը պետք է ընդհանրություններ ունենան: Մինչդեռ ինձ համար դժվար է ընդհանրություններ գտնել հայի և ղազախի միջև:
Այնուամենայնիվ, ինտեգրացիայի դեպքում պետք է հաշվի առնել հատկապես տնտեսական ոլորտը, քանի որ ինտեգրացիայի առաջնահերթ բնույթը տնտեսականն է: Անիրատեսական է սկսել խորը տնտեսական ինտեգրացումից: Նախընտրելի է սկսել փոքր քայլերից: Մինչդեռ դեռևս չինտեգրված Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի շուկաներին` ՀՀ միանգամից պատրաստվում է նրանց հետ մշակել միասնական մաքսային քաղաքականություն երրորդ երկրների նկատմամբ: Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ ունի արտաքին առևտրի սահմանափակումներ և չունի ընդհանուր սահման  Մաքսային Միության և ոչ մի պետության հետ: Ինտեգրացիայի հիմքում ընկած է պրագմատիկ հաշվարկը, շահը, օգուտը: Եթե պետությունը ինտեգրվում է, բայց չունի շահ և միաժամանակ շարունակում է այլ պետությունների հետ նախկին մակարդակի շփումները, ինտեգրացիան դառնում է անիմաստ: Ինտեգրացիայի շահավետությունը պետք է տեսնել ոչ թե կանխատեսումներով և «եթե»-ներով, այլ պրագմատիկ քայլերով, ու դրանց դրսևորումներով: Եթե Աբխազական երկաթուղին դեռ չի բացվել, ապա գործընթացի շահավետությունը նշելիս պետք չէ ընդգծել դրա բացման հնարավորությունը: Այլ պետք է տեսնել երկաթուղու բացումը, նոր միայն սկսել ինտեգրացման գործընթացը: Սա է պետական շահը, այլ ոչ թե այն հայտարարությունները, թե ՀՀ շարունակելու է վարել իր կոմպլեմենտար քաղաքականությունը նույնիսկ ՄՄ մտնելուց հետո: Ուրեմն էլ ինչու մասնակցել ինտեգրացիոն գործընթացներին, եթե դրանք չեն բերելու այնքան օգուտ, որ կարողանան կոմպենսացնել նախորդ` կոմպլեմենտար քաղաքականության օգուտները:

Sunday, 28 July 2013

ՌԴ vs ԱՄՆ. խաղ զրոյական գումարով, թե՞ համագործակցություն

Թե Ռուսաստանը և թե ԱՄՆ-ը արդեն 90-ականներից և հատկապես նոր դարաշեմից ավելի մեծ եռանդով ու թափով էին խոսում փոխադարձ համագործակցության ուժեղացման և ամրապնդման մասին: Իհարկե չենք կարող ժխտել, որ որոշ ոլորտներում այս երկու պետությունների միջև էական համագործակցություն է տիրում, սակայն  ռազմաքաղաքական ոլորտը շարունակում է սուր հակասությունների պատճառ դառնալ: <<Հարաբերությունների վերալիցքավորումը>>, որը նպատակ ուներ մեղմել հակահրթիռային պաշտպանության ոլորտում առկա սուր հակասությունները, այդպես էլ չարդարացրեց իրեն:

Ի՞նչ ենք մենք տեսնում այսօր երկու երկրների միջև հարաբերություններում:

Ռազմաքաղաքական հակասությունները իրենց սուր արտահայտությունն են գտնում սիրիական խնդրում: Ռուսաստանը շարունակում է աջակցել իշխանություններին, իսկ ԱՄՆ-ը` ընդդիմությանը: Իսկ ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության գործակալը հայտնվում է ռուսական օդանավակայանում չգիտես էլ ինչ նպատակներով: Եվ դա այն դեպքում, երբ նրա կատարած հրապարակումները ոչնչով չազդեցին Սենատի որոշման վրա, և Սենատը օրինականացրեց ԿՀՎ-ի տեղեկատվություն ստանալու նախկին բոլոր միջոցները:

Նման պայմաններում հարց է առաջանում. արդյո՞ք վերջնականապես ավարտվել է սառը պատերազմը, արդյո՞ք երկու երկրները համագործակցում են, թե կրկին ձգտում են զրոյական գումարով խաղի:

Հարցին միանշանակ հնարավոր չէ պատասխանել: Սակայն մի բան պարզ է. աշխարհում, լինի այն երկբևեռ, թե բազմաբևեռ, հակասություններ միշտ էլ լինելու են, հատկապես աշխարհագրական այնպիսի կարևոր դիրքում գտնվող պետությունների միջև, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Ռուսաստանը: Իսկ այդ հակասությունների ուժեղացումը և թուլացումը կախված է նրանից, թե ով կարող է ճարպկորեն օգտագործել  քաղաքական այս կամ այն իրադարձությունը մյուսի նկատմամբ ցուցադրական առավելության հասնելու համար:

Thursday, 18 July 2013

Եգիպտոս.<<ժողովրդավարության ուղով>>

Դեռևս անցած տարի` 2012թ-ին, այսպես կոչված <<արաբական գարունը>> անցավ նաև Եգիպտոսի վրայով: Եգիպտոսում բողոքի մեծ ալիք սկսվեց, որը տապալեց Մուբարաքի իշխանությունը, իսկ արդեն հունիսի 17-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները իշխանության բերեցին <<Մուսուլման եղբայրներին>>` Մուհամմեդ Մուրսիի գլխավորությամբ: Մուսուլման եղբայրներ շարժումը իսլամիստական շարժում էր, այդ իսկ պատճառով  <<ժողովրդավարական>> երկիր կառուցելու ակնկալիքները նոր ուժի կողմից այնքան էլ մեծ չէին: Նախ հաշվի առնենք այն, որ շարժումն ինքը իսլամիստական է և ավելի արմատական կարող էր լինել, քան նախորդը: Մյուս կողմից երկար տարիներ բռնապետական կարգերով ապրող մահմեդական երկիրը բնականաբար չէր կարող միանգամից <<ժողովրդավարական>> դառնալ, նամանավանդ, երբ նախագահի լիազորությունները սահմանափակվում էին բանակի կողմից:

Եվ ահա, ժողովրդավարության անցման ճանապարհին իր առաջին քայլերն անող Եգիպտոսում կրկին բողոքի ալիք է պայթում 2013թ-ի հուլիսի 3-ին, որը վերածվում է իսկական ռազմական հեղաշրջման: Նախագահ Մուրսիին ներկայացվում է 48-ժամյա վերջնագիր, որից հետո նա և նրա համախոհները հեռացվում են իշխանությունից և ձերբակալվում: Զինվորականները վերցնում են իշխանությունը, ստեղծվում է ժամանակավոր կառավարություն, որի ժամկետները դեռևս հստակ սահմանված չեն: Ըստ նախնական տվյալների նախատեսվում է նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցակցում 12 ամսվա ընթացքում, որը ինքնին աբսուրդի է հասցնում ստեղծված իրավիճակը` հաշվի առնելով նաև ժամանկավոր կառավարության անկայունությունը:

Միաժամանակ ժողովրդական զանգվածները հավաքվում են Կահիրեի Թահրիր հրապարակում` պահանջելով ազատ արձակել նախկին նախագահ Մուրսիին և վերադարձնել նրա օրինական իշխանությունը: Այստեղ պետք է ի նկատի ունենալ նաև այն փաստը, որ նախագահ Մուրսին ընտրվել էր ժողովրդավարական ճանապարհով, ընտրությունների միջոցով, և միանգամայն արդարացի են այն զանգվածները, ովքեր զինվորականությանը մեղադրում են իշխանությունը անօրինական կերպով զավթելու մեջ:

Այսպիսով, մեր առջև հառնում է հետևյալ իրավիճակը: Մի կողմից` զինվորականներ, ովքեր վերցրել են իշխանությունը ռազմական ճանապարհով, մյուս կողմից` նախագահ, որը ընտրվել է ժողովրդավարական ճանապարհով: Երկու կողմերն էլ ունեն իրենց համախոհները թե քաղաքական դաշտում, թե ժողովրդի շրջանում: Հարց է ծագում. արդյոք Եգիպտոսին սպառնում է Սիրիայի ճակատագիրը` քաղաքացիական պատերազմ:

Այս հարցին պատասխանելու համար պետք է տեսնենք, թե ինչու տեղի ունեցավ այս ամենը: Նախ հիշենք, որ նախագահ Մուրսին իշխանության եկավ զինվորականների օժանդակությամբ և իր նախագահության ամբողջ ընթացքում էլ նրա իշխանությունը սահմանափակվում էր զինվորականների կողմից: Վերջիններս շատ մեծ դեր ունեն Եգիպտոսում և եգիպտացիների խոսքերով <<պետություն են պետության մեջ>>: Իսկ ինչու չլինել հենց <<պետությունը>>: Ինչու կապել ձեռքերը <<Մուսուլման եղբայների>> միջոցով: Նամանավանդ, որ <<պետություն դառնալու>> համար շատ հարմար էր ժամանակը, երբ ժողովրդի մի մասը դժգոհ էր նախագահ Մուրսիի կառավարումից, իսկ վերջինս էլ ձգտում էր սահմանափակել զինվորականների իշխանությունը երկրում: 

Այս տեսանկյունից նայելիս մի շատ վտանգավոր հեռանկար է բացվում Եգիպտոսի համար: Իշխանության ճանապարհին, պետություն դառնալու ճանապարհին զինվորականությունը չի զիջի, և կիսատ չի թողնի արդեն սկսած գործը, իսկ երբ դառնա պետություն, արդեն չի բացառվի, որ Եգիպտոսը կվերադառնա իր նախկին բնապետական կարգերին:

Wednesday, 10 July 2013

Թալեյրանը Դիվանագետի մասին

Շարլ Մորիս Թալեյրանի անունը լսելիս շատերի առաջ է միանգամից հառնում անսկզբունքային դիվանագիտություն կոչվածը: Սակայն դա միայն առաջին տպավորությունն է: Իհարկե չժխտելով 18-19-րդ դարերի այս տաղանդավոր ֆրանսիացի դիվանագետի ու քաղաքական գործչի անսկզբունքայնությունը` միաժամանկ չենք կարող ժխտել նաև, որ հենց այդ հատկությունը ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին օգտագործելու շնորհիվ նա կարողացավ հասնել իր բարձունքին: Եվ բացի այդ, միայն այդ հատկությամբ չէ, որ նա օժտված էր: Նրան հատուկ էր զգուշությունը, հանգամանքներին հարմարվելու կարողությունը, քաղաքական ներըմբռնումը և այն բոլոր հատկանիշները, որոնք հենց ինքը` Թալեյրանը, առանձնացնում է իսկական դիվանագետի համար.
  • <<խոշոր գիշատիչների>> դեմ պայքարում փոքր երկրների վրա հենվելու հմտություն, դաշնակիցների ճիշտ ընտրություն,
  • հանուն հիմնական նպատակներին հասնելու մասնավոր զիջումների գնալու պատրաստակամություն,
  • հուզավառության և զգացմունքների կատարյալ բացակայություն,
  • սառնասրտություն և զսպվածություն,
  • զրուցակցին լսելու և զրույց վարելու կարողություն,
  • նրբաճաշակություն հագուստի հարցում,
  • անհաջողությունների և պարտությունների դեպքում հանգստություն պահպանելու ընդունակություն,
  • իր շահագրգռվածության աստիճանը իր անշտապողականությամբ թաքցնելու կարողություն:
  • տիկնիկ, որ ամեն ընկնելուց հետո միշտ ոտքի է կանգնում,
Երկար տարիներ վարելով Ֆրանսիայի արտաքին հարաբերությունները` Թալեյրանը դրսևորել է իր դիվանագիտական հանճարը` առանձնացնելով նաև արտաքին գործերի նախարարին բնորոշ հատկանիշները: Նա գտնում էր, որ արտաքին գործերի նախարարը պետք է օժտված լինի յուրատեսակ բնազդով, որը, նրան արագ նախազգուշացնելով, մինչև ցանկացած վիճաբանության սկսվելը, խանգարեր որևէ դեպքում վարկաբեկելու իրեն: Նա պետք է ունենա անկեղծ երևակայելու ընդունակություն` մնալով անթափանցելի, լինի զուսպ, բայց ոչ բռնազբոսիկ, հմուտ նույնիսկ իր զվարճության ընտրության մեջ: Անհրաժեշտ է, որ նրա զրույցը լինի պարզ, բազմազան, անսպասելի, միշտ բնական և երբեմն միամիտ: Մի խոսքով 24 ժամվա ընթացքում նա ոչ մի ակնթարթ չպետք է դադարի իրեն զգալ արտաքին գործերի նախարար:

Մի փոքր ժողովրդավարության մասին

  • Ժողովրդավարության` դեմոկրատիայի մասին խոսել են դեռևս հին մտածողները: Օրինակ` Արիստոտելը գտնում էր, որ ժողովրդավարությունը հանգեցնում է ամբոխավարության և անիշխանության: Կան կարծիքներ նաև, որ ժողովրդավարությունը մեծամասնության բռնապետությունն է փոքրամասնության նկատմամբ: Շատերը նույնիսկ գտնում են, որ ժողովրդավարոթյունը ապազգային կառավարման ձև է և հանգեցնում է էթնիկական առումով ազգայինի անկմանը:
    Սակայն մի պահ տեսնենք, թե ինչ ասել է ժողովրդավարություն: Արդյոք դա պետք է հասկանալ բառի ուղղակի իմաստով` այսինք, ժողովուրդն է իրականացնում իշխանությունը կամ ժողովուրդն է <<վարում>> այն:

    Դրա համար պետք է պատասխանել մի քանի հարցերի.

    -ո՞վ է իշխանության գալիս - նա, ով հավաքում է ընտրողների ձայների մեծամասնությունը

    -ի՞նչպես է հավաքում այդ ձայների մեծամասնությունը – առաջարկելով իր ծրագրերը, խոստումներ տալով, որոնք բոլորը չէ, որ կատարելու է: Սակայն կարևորը այն չէ, թե ինչքանով թեկնածուն կկատարի իր խոստումները: Կարևորն այն է, թե ինչքանով նա կարող է ժողովրդին թեքել իր կողմը և շահել նրա ձայները: Այստեղ փատորեն ընթանում է հասարակ մրցակցություն: Ով հաղթում է մրցակցությունում, նա է ուժեղագույնը, նա է արժանի երկիրը կառավարել, հենց նա կարող է հետագայում հենց այն նույն ժողովրդին, որին կարողացել է մի անգամ արդեն իր կողմը գրավել, մյուս անգամ էլ, հարկ եղած դեպքում իր կողմը թեքել:

    -ի՞նչու է ուզում գալ կամ ինչու է գալիս իշխանության- Եթե դիտարկենք ժողովրդավարությունը որպես տեսություն, ապա այն մյուս քաղաքագիտական տեսությունների նման ևս պետք է գործիք լինի իշխանության եկածի համար գործելու հանուն պետության, հանուն պետական շահի:

    Ժողովրդավարության մասին պատկերացումների խեղաթյուրումները հենց գալիս են նրանից, որ իշխանության եկած ուժը ոչ թե իշխանության է գալիս ընտրողների ձայների մեծամասնությամբ, այլ կեղծումների հաշվին: Սրա հետևանքով առաջանում է գործնական լեգիտիմության խնդիրը: Այսինքն իշխանությունը, որը ի սկզբանե չի կարողացել մեծամասնությանը թեքել իր կողմը, իր կառավարման ընթացքում էլ դա չի կարող անել: Եվ երկրորդ խեղաթյուրված ընկալումը առաջանում է այն ժամանակ, երբ իշխանության եկած ուժը գործում է ոչ թե հանուն պետական շահերի, այլ հանուն իր նեղ իշխանական շահերի: Սա, ըստ իս, ամենամեծ աղետն է յուրաքանչյուր պետության համար:

    Անդրադառնամ նաև ժողովրդավարական երկրի և <<միջազգային հանրություն>> ասվածի միջև հարաբերակցության խնդրին: Լինել ժողովրդավարական երկիր ամենևին չի նշանակում պարտադիր հաշվի առնել միջազգային հանրության տեսակետը: Ի վերջո միջազգային հանրության տեսակետը ձևավորվում է ուժեղի և հաղթողի թելադրանքի և ազդեցության տակ: Յուրաքանչյուր պետություն հաշվի է առնում միջազգային հանրության տեսակետը այնքանով, որքանով այն չի վնասի իր պետական, ազգային շահերին: Այս դեպքում նույնիսկ, սա ոչ այնքան հաշվի առնում է, որքան շահարկում, որը հեղինակությունը բարձրացնելու նպատակ ունի: Իսկ այն պետությունները, ովքեր դողում են միջազգային հանրության տեսակետի վրա, ի վերջո դատապարտված են դրա զոհը դառնալուն:

Ի՞նչ գործոններ ազդեցին ՀՀ արտաքին քաղաքականության ուղղությունների ձևավորման վրա


1991թ-ի սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության անկախության օրն է: Հայաստանի Հանրապետությունը հռչակեց իր անկախ պետականության վերականգնման փաստը` դուրս գալով ԽՍՀՄ կազմից և դառնալով անկախ պետություն: ԽՍՀՄ փլուզումից և անկախության հռչակումից հետո Հայաստանի աշխարհաքաղաքական նշանակությունն էապես փոխվեց: Արտաքին քաղաքական գործառույթից զուրկ ծայրամասից այն վերածվեց աշխարհաքաղաքական հատվող գոտիներում և շահերի շփման կետերում գտնվող մի երկրի, որը փորձում էր գտնել իր դերը տարածաշրջանում և միջազգայինհարաբերություններում:Նման պայմաններում էլ ձևավորվում է ՀՀ արտաքին քաղաքականությունը: ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների ձևավորման վրա իրենց ազդեցությունն ունեցան հետևյալ գործոնները.§  Երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը,
§  Ղարաբաղյան պատերազմը և ընդհանրապես ղարաբաղյան հակամարտությունը,
§  ՀՀ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը,
§  Հետսառըպատերազմյան իրադրությունը:
Այժմ անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին:ՀՀ-ը և ԼՂՀ դեռևս 1988թ-ից գտնվում էին շրջափակման մեջ Ադրբեջանի կողմից, որի արդյունքն էր տնտեսության ընդհանուր անկման 50 տոկոսը: Հայաստան եկող բեռները կողոպտվում և թալանվում էին հարևան պետություններում: Հասարակական-քաղաքական, տնտեսական և մյուս բոլոր ոլորտները կաթվածահար վիճակում էին գտնվում: Մյուս կարևոր գործոնը ՀՀանվտանգության ապահովումն էր: ԽՍՀՄ անկումից հետո ՀՀ համար չկար մի անվտանգության համակարգ, որը հուսալիորեն կապահովեր նրա անվտանգությունը, մանավանդ ղարաբաղյան հիմնախնդրի առկայության պայմաններում: Ընթացող ղարաբաղյան պատերազմը լուրջ սպառնալիք էր ՀՀ անվտանգությանը նաև այն առումով, որ միշտ կար Թուրքիայի կողմից դրան միջամտելու վտանգը: Երկրի ներքին սոցիալ-տնտեսական ծանր վիճակով և անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ էր պայմանավորված, որ նորանկախ ՀՀ-ը որպես իր արտաքին քաղաքական դոկտրիններ ընտրեց «բոլոր հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալու» և «չկան մշտական բարեկամներ, կան մշտական շահեր» բանաձևերը: Սակայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը հենց սկզբից դժվարացրեց ՀՀ ընտրած արտաքին քաղաքական ուղեգծի իրականացումը: ԼՂ հիմնախնդրի լուծմանը աջակցելու փաստը օգտագործելով` տարածաշրջանում իրենց ազդեցությունն էին փորձում հաստատել Իրանը, ԵՄ-ը, ԱՄՆ-ը նաև Թուրքիայի միջոցով, իսկ Ռուսաստանը փորձում էր պահպանել տարածաշրջանում իր դիրքերը: Հենց այստեղ է, որ այս պետությունների և դրանց խմբերի շահերը բախվում էին իրար` միաժամանակ անարդյունավետ դարձնելով հիմնախնդրի լուծումը: ԽՍՀՄ-ի անկումը և Արևմուտքի ու արևմտյան արժեքների վարկանիշի հետսառըպատերազմյան աճը էական ազդեցություն ունեցան ինչպես հետխորհրդային պետությունների, այնպես էլ ՀՀ քաղաքական կողմնորոշման հարցում: Ռուսաստանից տարանջատվելու և եվրոպական, արևմտյան արժեքներ որդեգրելու քաղաքականության ֆոնի վրա ձևավորվեց ՀՀ արտաքին քաղաքականության ուղղություններից մեկը` նրա հարաբերությունները ԵՄ և ԱՄՆ-ի հետ:Այսպիսով, հաշվի առնելով այս գործոնները, ձևավորվեցին ՀՀ արտաքին քաղաքականության հետևյալ հիմնական ուղղությունները` Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը, հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի հետ, ինչպես նաև սահմանակից երկրների` Թուրքիայի և Իրանի հետ, անդամակցումը միջազգային կազմակերպություններին: