Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է մտնել Եվրասիական տնտեսական միության /Եվրազէս/ Մաքսային Միություն, որի մեջ ներկայումս մտնում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը: Մաքսային միությունը տարածաշրջանային ինտեգրման երրորդ մակարդակն է: Այն նախատեսում է տեղական արտադրության ապրանքների և ծառայությունների մեծ մասի, եթե ոչ բոլորի շրջանառության համար մաքսահարկերի ու քանակական սահմանափակումների վերացում, Մաքսային միությանը չմասնակցող երրորդ երկրների նկատմամբ համաձայնեցված մաքսային քաղաքականության կիրառում: Հնարավոր է նաև ներմուծման քվոտաների պահպանում: Սա նշանակում է, որ ինտեգրացիայի այս մակարդակին անցնելով ՀՀ-ը իր արտաքին տնտեսական առանց այն էլ սահմանափակ քաղաքականությունը էլ ավելի է սահմանափակում` համաձայնեցնելով իր մաքսային քաղաքականությունը միայն 3 երկրների հետ: ՀՀ այս քայլը տեսականորեն ևս հիմնավորված չէ մի շարք պատճառներով: Ինտեգրացման համար պետք է հաշվի առնել մի շարք նախադրյալներ` մասնակից պետությունների թիվը, չափը, զարգացվածության մակարդակը, փոխկապվածության աստիճանը, քաղաքական համակարգերը, աշխարհայացքային ընկալումները, համագործակցության ոլորտները, ինտեգրացիայի ազդեցության ձևը, դրա ժամկետները, ընդհանուր սահմանների առկայությունը: Ներկայացնենք այս նախադրյալների առկայությունը կամ բացակայությունը ՀՀ` Մաքսային Միությանն անդամակցելիս, և ըստ դրա` գործընթացի շահավետությունը ՀՀ համար:
Ինտեգրացման հաջող իրականացման համար դրա նախնական մասնակիցների թիվը պետք է քիչ լինի: Եթե այս տեսակետից Մաքսային Միությունը արդարացնում է իրեն, ապա մյուս` պետությունների չափի ասպեկտով այն լիովին բացասական է ՀՀ համար, քանի որ ՄՄ կազմում տարածքով ՀՀ-ից անհամեմատ մեծ պետություններ են ընդգրկված: Իսկ խոշոր և փոքր պետությունների ինտեգրումը վտանգավոր է, քանի որ խոշորները կլանում են փոքրերին, եթե միայն փոքր պետությունների քանակը չի հավասարակշռում մեծերին, որը տվյալ դեպքում բացակայում է: Պետությունների զարգացվածության մակարդակը գրեթե նույն աստիճանի վրա է գտնվում, սակայն նրանց փոխկապակցվածությունը խիստ հարաբերական է: Եթե Ռուսաստանի պարագայում դա լավ արտահայտված է, ապա Հայաստանի պարագայում փոխկապակցված հարաբերություններ կան միայն Ռուսաստանի հետ: Այս առումով ևս մի փաստ արձանագրենք: Ինչպես ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի դեպքում, այս դեպքում ևս հարաբերությունները դասավորված են Ռուսաստան+Xպետություն սկզբունքով, այլ ոչ թե Xպետություն+Yպետություն: Ուստի այս նախաձեռնությունը ևս կարող է ձախողման ճակատագրին արժանանալ: Ինտեգրացիայի պայմաններում տեղի է ունենում նաև քաղաքական համակարգերի նմանեցում, քանի որ տնտեսական զարգացումը պայմանավորված է նաև քաղաքական համակարգի ազդեցությամբ: Այս դեպքում արդեն վտանգի տակ է դրվում ՀՀ ժողովրդավարացման գործընթացը, քանի որ ՄՄ անդամ ոչ մի պետություն ժողովրդավարական չէ: Սա ՀՀ-ին կկանգնեցնի ներքին լուրջ խնդիրների առաջ, որոնք հատկապես առնչվում են կոռուպցիային, դատական համակարգի անկատարությանը, օրենքի գերակայության սկզբունքի խախտմանը: Տարածաշրջանային ինտեգրացիան նախատեսում է նաև մարդկային շփումների ակտիվացում տարբեր հասարակությունների միջև, ուստի այդ հասարակությունների աշխարհայացքային ընկալումները, արժեքները և նորմերը պետք է ընդհանրություններ ունենան: Մինչդեռ ինձ համար դժվար է ընդհանրություններ գտնել հայի և ղազախի միջև:
Այնուամենայնիվ, ինտեգրացիայի դեպքում պետք է հաշվի առնել հատկապես տնտեսական ոլորտը, քանի որ ինտեգրացիայի առաջնահերթ բնույթը տնտեսականն է: Անիրատեսական է սկսել խորը տնտեսական ինտեգրացումից: Նախընտրելի է սկսել փոքր քայլերից: Մինչդեռ դեռևս չինտեգրված Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի շուկաներին` ՀՀ միանգամից պատրաստվում է նրանց հետ մշակել միասնական մաքսային քաղաքականություն երրորդ երկրների նկատմամբ: Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ ունի արտաքին առևտրի սահմանափակումներ և չունի ընդհանուր սահման Մաքսային Միության և ոչ մի պետության հետ: Ինտեգրացիայի հիմքում ընկած է պրագմատիկ հաշվարկը, շահը, օգուտը: Եթե պետությունը ինտեգրվում է, բայց չունի շահ և միաժամանակ շարունակում է այլ պետությունների հետ նախկին մակարդակի շփումները, ինտեգրացիան դառնում է անիմաստ: Ինտեգրացիայի շահավետությունը պետք է տեսնել ոչ թե կանխատեսումներով և «եթե»-ներով, այլ պրագմատիկ քայլերով, ու դրանց դրսևորումներով: Եթե Աբխազական երկաթուղին դեռ չի բացվել, ապա գործընթացի շահավետությունը նշելիս պետք չէ ընդգծել դրա բացման հնարավորությունը: Այլ պետք է տեսնել երկաթուղու բացումը, նոր միայն սկսել ինտեգրացման գործընթացը: Սա է պետական շահը, այլ ոչ թե այն հայտարարությունները, թե ՀՀ շարունակելու է վարել իր կոմպլեմենտար քաղաքականությունը նույնիսկ ՄՄ մտնելուց հետո: Ուրեմն էլ ինչու մասնակցել ինտեգրացիոն գործընթացներին, եթե դրանք չեն բերելու այնքան օգուտ, որ կարողանան կոմպենսացնել նախորդ` կոմպլեմենտար քաղաքականության օգուտները:



